Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ԼՂ-ում ռուս զինվորների սպանության համար, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցեկլ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Ալիևը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտիզինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։
Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։
Երկուստեք նշվել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ռուս խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։
Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղու վրա՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համահունչ՝ հիմնականում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով:
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության էր ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի հետևանքով զոհվել են 4, վիրավորվել՝ 1 անձ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 200 զոհի և 400 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին՝ նշելով, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԼՂ շուրջ ստորագրված տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։