ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտնել է, որ Բաքուն համաձայնել է միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ողջունելով Ադրբեջանի դիրքորոշումը։
Նրա խոսքով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերն այսօր Բաքու կատարած այցի ժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնը պնդում է Ղարաբաղում հրադադարի պահպանումը և հումանիտար կարիքների բավարարումը։
Միլլերն ասել է, որ դա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը, թույլ տալ հումանիտար մատակարարումներ ներհոսել և միջազգային դիտորդական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ ապահովելու մարդասիրական կարիքների բավարարումը:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունները, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը, որը (ԱՄՆ) պետքարտուղարն ուղղակիորեն դրդել է (Ադրբեջանի) նախագահին, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան»,- ասաց նա։
«Վաշինգտոնը կաշխատի դաշնակիցների և գործընկերների հետ առաջիկա օրերին՝ հստակեցնելու, թե ինչպիսին կլինի այդ առաքելությունը»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։ «Սակայն, ի վերջո, մենք ցանկանում ենք վերադարձ տեսնել բանակցությունների սեղան, որտեղ նրանք կարող են հասնել արժանապատիվ, տևական խաղաղության»,- նշել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սամանթա Փաուերի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել էր Բաքվի պատրաստակամության մասին՝ մոտ ապագայում Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ կազմակերպելու համար։
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Ալիևը կհամաձայնվի դիտորդական առաքելություն ընդունել։