ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Բլինքենը նաև ընդգծել է հետագա ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը և ապահովել տարածաշրջանում խաղաղ բնակիչների անվերապահ պաշտպանությունն ու ազատ տեղաշարժը, ասել է նա։
«Պետքարտուղարը նշել է, որ նախագահ Ալիևն ասել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա կկատարի դա։ Նա նաև ասաց, որ կհամաձայնի դիտորդական առաքելություն ուղարկել, և մենք ակնկալում ենք, որ նա կհետևի դրան»,- ասել է Միլլերը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ալիևի վարչակազմին, զրույցի ընթացքում նշվել է, որ ԿԽՄԿ-ի հետ համագործակցություն է իրականացվում հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար, Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչները ծրագրում են այցելել Ղարաբաղ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։