Եվրախորհրդարանը նախատեսում է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ընդունել տարածաշրջանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող բանաձև։
Ինչպես հաղորդվում է խորհրդարանի կայքում, հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից տարածաշրջանի գրավումից հետո ստեղծված բարդ իրավիճակը։ Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդում Իսպանիայի նախագահության ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճից հետո Եվրախորհրդարանը հոկտեմբերի 5-ին կքվեարկի Լեռնային Ղարաբաղի վրա «Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը» դատապարտող բանաձևի շուրջ։
«Ադրբեջանի վերջին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-ին հանգեցրեց վիճելի շրջանի վրա Բաքվի ռազմական վերահսկողության վերականգնմանը և էթնիկ հայերի զանգվածային արտահոսքին իրենց տներից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև զգուշացրել է այդ տարածքում էթնիկ զտումների մասին՝ չնայած Ադրբեջանի հրապարակային հավաստիացումներին, որ ցանկացած էթնիկ հայ, ով կընտրի մնալ Լեռնային Ղարաբաղում, կվերաբերվի որպես Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիների»,- ասվում է զեկույցում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։