Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ից Երևանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններն անվանել է Հայաստանի ղեկավարության «ինքնիշխան ընտրություն»` հույս է հայտնելով, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի կարողանա քանդել բարեկամությունը ՌԴ-ի հետ։
«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ առաջնորդներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն իրենց գործընկերներին՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, դա իր ինքնիշխան ընտրությունն է, Հայաստանի ղեկավարության ընտրությունը»,- ասել է Լավրովը միջազգային «Վալդայ» քննարկման ակումբի 20-րդ տարեկան հանդիպման շրջանակում
Նա նաև հույս է հայտնել, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի կարողանա քանդել հայ ժողովրդի և Ռուսաստանի ժողովուրդների կապերը։ «Ես դեռ հուսով եմ, որ դարեր շարունակ ռուս ժողովուրդների, ռուս ժողովրդի և Ռուսաստանի այլ ժողովուրդների և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող կապերը չեն կարող ոչնչացվել որևէ ժամանակավոր վարչակազմի կողմից»,- ասել է ռուս նախարարը։
Նա հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է ադրբեջանական կողմի հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
«Ռուս խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամեն ինչ, մենք չենք կարող զսպել այն մարդկանց, ովքեր ցանկանում են Ղարաբաղից մեկնել Ռուսաստան։ Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու, այնտեղ վստահությունն ամրապնդելու, բնականոն կյանքի վերսկսման, հայերի և ադրբեջանցիների ընդհանուր կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու համար։ Հուսով եմ, որ դրանում պետք է շահագրգռված լինի նաև Երևանը, և որ նրանք ջանքեր կգործադրեն դրա համար»,- ասել է Լավրովը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։