Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի հարձակումը վնասել է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, իսկ Բաքվի գործողությունները «փոխզիջման են ենթարկել» Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության։
«Մարդիկ, ովքեր որոշակի առավելություններ են գտնում նրանում, որ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, չեն հասկանում, թե դրանից ինչպիսի «ջրեր են հոսում» ողջ Կովկասում, և ինչպես է դա փոխզիջում Ռուսաստանին՝ որպես ուժեղ տերության, որն ի վիճակի է հետամուտ լինել տարածաշրջանում իր գծին։ Վրաստանում արդեն սկսել են խոսել, որ մենք պետք է օրինակ վերցնենք Ադրբեջանից և նույն կերպ հետ գրավենք Աբխազիան և Հարավային Օսիան»,- ասել է նա։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի գործողությունները բացասական հետևանքներ կունենան այս երկրի համար։
«Կարծում եմ՝ Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ չափն անցավ թե՛ ձերբակալություններով, թե՛ նրանով, որ իրականում հայերին վտարեց Լեռնային Ղարաբաղից։ Սա դեռ երկար կարտահայտվի Ադրբեջանի իմիջի վրա, աշխարհում նրա հնարավորությունների վրա և այլն, անկախ նրանից, թե ինչ է փնտրում որևէ մեկը՝ օգուտներ, նավթամթերք և մնացած ամեն ինչ»,- նշել է Զատուլինը։
Նա նաև հայտարարել է, որ հայերի հեռանալը հայրենի հողից կապված է ղարաբաղցիների այն համոզմունքի հետ, որ իրենց պաշտպանող չկա։
«Այն, որ բոլոր հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը, նշանակում է, որ այս պահին նրանք արդեն դադարել են հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։