Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի հիման վրա։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տևողությունը որոշվել էր պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ ևս հինգ տարով, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարեր իր ժամկետի ավարտից 6 ամիս առաջ այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրություն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ՝ Եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։