Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաչը քաղաքապետարանի շենքից հանել է Ուկրաինայի դրոշը՝ բացատրելով դա Վլադիմիր Զելենսկու խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, հայտնում է ֆրանսիական BFM-ը։
«Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարությունները՝ կապված Ադրբեջանի բռնապետի հետ իր հեռախոսազրույցի և պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին ընդհանուր հավատարմության մասին, հարցեր են առաջացնում։ Չի կարելի ապավինել արևմտյան արժեքներին և դրանից ելնելով օգնության կանչել Արևմուտքին՝ միաժամանակ կիսելով ռեժիմի դիրքորոշումը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։ Չի կարելի նաև շնորհակալություն հայտնել Բաքվին ձմռանը էներգետիկ ոլորտում Կիևին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար, բայց ուշադրություն չդարձնել այն փաստին, որ Ադրբեջանն իրականում վաճառում է ռուսական գազը 1,5 անգամ ավելի թանկ՝ ֆինանսավորելու համար իր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, որը միակ ժողովրդավարական երկիրն է Կովկասում։ Ադրբեջանցի բռնապետին աջակցության այս ձևն անընդունելի է»,-ասել է Կովաչը։
Նա նաև նշել է, որ Զելենսկին չի կարող պայքարել տոտալիտար ռեժիմի դեմ՝ հանուն եվրոպական արժեքների և միևնույն ժամանակ խրախուսել մեկ այլ բռնապետական և բարբարոս ռեժիմ։
Ֆրանսիայի Վիեն քաղաքը և Հայաստանի Գորիս քաղաքը 1992թ.-ից դարձել են քույր քաղաքներ։
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։