Նախապատրաստվելով Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպմանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԼՂ հայերի հարցը։
«ԵՄ հավատարմությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացին։ Կրկնվել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Շեշտվեց նաև Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, նաև երկարաժամկետ հեռանկարում ապահովելու անհրաժեշտությունը»,- X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Միշելը։
Իր հերթին Ալիևը նշել է, որ Հայաստանին զենք տրամադրելու Ֆրանսիայի ծրագրերը ծառայում են ոչ թե խաղաղությանը, այլ նոր առճակատմանը։
«Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայի հանդիպմանը Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով։ Նախագահ Ալիևը հատկապես նշել է, որ Հայաստանին զենք տրամադրելու Ֆրանսիայի ծրագրերը ծառայում են ոչ թե խաղաղությանը, այլ նոր առճակատմանը։ Եվ եթե տարածաշրջանում նոր առճակատում տեղի ունենա, դա կլինի Ֆրանսիան, որը կհանգեցնի դրան»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում դեռևս գտնվում են «ադրբեջանական 8 գյուղեր» (չակերտները՝ Armenia Today-ի), որոնք պետք է «ազատագրվեն» (չակերտները՝ Armenia Today-ի)։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես ասված էր, որ «կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա»։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր Բրյուսել հանդիպման մինչև հոկտեմբերի վերջ։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, ինչն ավելի ուշ, հաստատավել էր նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտնել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։