Հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ կողմերը հաստատել են 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը մեծացնելու անհրաժեշտությունը։
Նշվում է, որ բարձր են գնահատվել Թեհրանում կայացած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման արդյունքները։
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ էր ներկայացրել տեղի ունեցած հանդիպումից՝ հայտնելով, որ «3+3» ձևաչափով տարածաշրջանային պլատֆորմի հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։ Հանդիպման շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմը «ավարտվել է», իսկ ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, «մեծ հաշվով», լուծվել է։