ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Հայաստանի պաշտպանության ակտը», որը նախատեսում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության դադարեցում, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նշվում է, որ օրինագիծը կամրապնդի Ազատության աջակցության ակտի 907-րդ փոփոխությունը՝ «էապես սահմանափակելով» նախագահի լիազորությունները՝ հրաժարվելու փոփոխության ամբողջական կատարումից: Օրինագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Գեյբ Ամոն և Մայքլ Լոուլերը:
Նույնաբովանդակ օրինագիծ ԱՄՆ Սենատի կողմից ընդունվել էր 2023 թվականի նոյեմբերին։ 907 ուղղումն ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվել էր 1992 թվականին և արգելում է ամերիկյան վարչակազմին օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նախկինում Վաշինգտոնը պարբերաբար կասեցնում էր այդ ուղղումը: