Դերասան Սերգեյ Սվետլակովը, ով Crocus City Hall-ի ահաբեկչական ակտի ժամանակ գտնվում էր շենքում, պատմել է, թե ինչպես է փախուստի դիմել, գրում է РБК-ն։
Մի քանի այլ այցելուների հետ միջանցքում բարիկադներով պատնեշներ է կառուցել, կրակոցները մի քանի մետր այն կողմ են եղել։ «Դժոխք էր»,- խոստովանել է դերասանը։
Ահաբեկիչները Crocus City Hall համերգասրահ են մտել ամֆիթատրոնի կողմից այն տեղով, որտեղ գտնվում էր Սերգեյ Սվետլակովը։ «Կրակում էին անդադար՝ թե՛ աջից, թե՛ ձախից։ Շատերը կրակոցները լսելով՝ վազում էին դեպի բեմ։ Մենք դուրս թռանք նեղ միջանցք։ Այնտեղ արդեն 20-30 հոգանոց խումբ էր հավաքվել, կրակոցները բառացի մի քանի քայլի վրա էին»,- պատմել է Սվետլակովը։
Նա նշել է, որ համերգասրահի աշխատակցուհին, ահաբեկիչների ճանապարհը փակելու համար, փակել էր բոլոր օթյակների դռները, որտեղից արդեն դուրս էին եկել այցելուները։ Դրանից հետո Սվետլակովը, մյուս այցելուների հետ միասին, աթոռներով և դիվաններով բարիկադել է միջանցք տանող ելքերը։
«Սա, երևի, ամենասարսափելի պահն էր՝ կրակոցի ձայները լռեցին, և հենց այն դուռը, որի դիմաց ես էի, ընկերս և իմ ազգականուհի Մաշան, սկսեցին կոտրել։ Միջանցքում բոլորը մտովի հրաժեշտ էին տալիս կյանքին, քանի որ ոչ մեկս չգիտեր, թե քանի ահաբեկիչ կա և ինչ պլաններ ունեն։ Դուռը շատ արագ կոտրեցին։ Պարզվեց՝ հանդիսատեսներ էին, ելք էին փնտրում»,- պատմել է դերասանը։
Նրա խոսքով՝ հարձակումից 15-20 րոպե անց «գարշահոտ ծուխ է պատել», և սրահի մենեջերի որոշմամբ՝ բացել են մի քանի դուռ, աստիճաններով դուրս վազել ֆոյեի միջով։ Նա պատմել է, որ մարդիկ լուռ էին շարժվում, առանց խուճապի, կանայք հանել էի կրնկակոշիկները։ Միջանցքից դուրս գալով՝ հայտնվել են ծխապատ ֆոյեում։ Նրանց օգնել է Crocus-ի մեկ այլ աշխատակից, որը ժեստերով հասկացրել է, որ կենտրոնով չվազեն։
«Ապա մենք հայտնվեցինք փողոցում։ Այդպես, առանց շորերի, մի քանի կիլոմետր վազեցինք այնտեղ, որտեղ մեզ սպասում էր բախտի բերմամբ ուշացած կինս։ Ես այսօր գտա այն աղջկա անունը, որը չշփոթվեց և իսկապեսք օգնեց բոլորին՝ Սոֆյա Մեյեր։ Շնորհակալ եմ, նա հերոս է։ Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին»,- ավելացրել է Սվետլակովը։
Մարտի 23-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր ահաբեկչության 115 զոհի մասին։ Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն ներգրավված բոլոր չորս ահաբեկչի ձերբակալության մասին։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ ժամանել է Թուրքիայից։
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Մոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ճշտվում են տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահը մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր էր հայտարարել։