ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հայտնել է, որ ԱՄՆ-ն չի աջակցի Իրանի դեմ իսրայելական որևէ հակագրոհի, գրում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին:
Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուին ասել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի այլ երկրների համատեղ պաշտպանական ջանքերը հանգեցրել են իրանական հարձակման ձախողմանը:
«Դուք հաղթանակ եք տարել։ Օգտվեք հաղթանակից»,- Բայդենի խոսքը մեջբերել է պարբերականի աղբյուրը։
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Բայդենը Նեթանյահուին ասել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի դեմ որևէ հարձակողական գործողության և չի աջակցի նման գործողություններին: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը որսացել են տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք Իսրայելի ուղղությամբ թռչում էին Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից, հաղորդում է Interfax-ը։
«Մենք չենք ձգտում Իրանի հետ հակամարտության, բայց չենք վարանի միջոցներ ձեռնարկել մեր ուժերը պաշտպանելու և Իսրայելի պաշտպանությանն աջակցելու համար»,- ասել է Օսթինը:
Իր հերթին՝ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, և Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակումներն իրենց արտացոլումն են գտել նրանց հետ համագործակցության մեջ: Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները մոտ 100 իրանական կործանիչ են խոցել:
Ապրիլի 14-ի գիշերն Իրանն ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Թեհրանի հարձակումներն ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան տարածքում իսրայելական ավիահարվածի պատասխանն են։ Իսրայելի վարչապետ Բենամին Նեթանյահուն հայտարարել էր Իրանի հարձակումը հետ մղելու և իրանական ԱԹՍ-ների ու հրթիռների ավելի քան 99%-ը խոցելու մասին։ Ավելի ուշ Իրանի Գլխավոր շտաբը հայտարարել էր Իսրայելի դեմ գործողությունն ավարտելու մասին։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցրած հարվածի հետևանքով զոհվել էր ԻՀՊԿ յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: