Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ ակցիա իրականացնողների նկատմամբ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Այսօր խորհրդարանում կայացել է օրինագծի երկրորդ ընթերցումը, որը կշարունակվի չորեքշաբթի։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ էին արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանը հանրապետության ինտեգրման խոչընդոտ։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում օրինագծի դեմ։
Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Որպեսզի այն ուժի մեջ մտնի, պատգամավորները պետք է քննարկեն և ընդունեն ևս երկու ընթերցմամբ։
Երկրորդ ընթերցումը նախատեսում է նախագծի հոդված առ հոդված քննարկում և լրացումների կատարումւ, իսկ երրորդը` օրենքի տեքստում խմբագրական փոփոխություններ կատարելը: Նախագիծը երեք ընթերցմամբ ընդունելուց հետո միայն կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։
Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Միաժամանակ՝ խորհրդարանի շենքի մոտ տեղի էր ունեցել օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույց, որի ընթացքում բերման էին ենթարկվել 14 ցուցարար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։