Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Բոգոտան հինգշաբթի օրվանից կդադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, տեղեկացնում է CNN-ը։
Նա Գազայում իսրայելական բանակի գործողություններն անվանել է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանություն։ Կոլումբիան նաև դադարեցրել էր զենքի գնումներն Իսրայելից։
«Իսրայելի պետության հետ դիվանագիտական հարաբերությունները կխզվեն, քանի որ նրանց կառավարությունն ու նախագահը ցեղասպանություն են իրականացնում։ Եթե Պաղեստինը մահանա, ուրեմն մարդկությունը կմեռնի»,- ասել է Պետրոն:
Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն հրահրող։
«Պատմությունը կհիշի, որ Գուստավո Պետրոն որոշել է կողմ լինել մարդկությանը հայտնի ամենազզվելի հրեշներին, ովքեր այրում էին, սպանում երեխաներին, բռնաբարում կանանց և առևանգում անմեղ քաղաքացիներին»,- գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը սոցիալական ցանցերում:
Կոլումբիայի Հրեական համայնքների համադաշնությունը հայտարարություն է տարածել, որում երկու երկրների հարաբերություններն անվանել է եղբայրական և կոչ արել «պահպանել այդ կապերը՝ բաց ուղիներ թողնելով երկխոսության համար»։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։