ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարունակել խնդիրների լուծման որոնումը և «առաջընթաց» է անվանել Երևանի և Բաքվի միջև Տավուշի մարզում սահմանների սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
«ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմաթի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրության վրա, ինչը հանգեցրել է համաձայնագրի կնքմանը սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բրյուսելը հիշեցրել է, որ շարունակում է աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում «կայուն և ամուր» խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։
Մայիսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայ-ադրդեջանական սահմանին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպումը։ Ըստ գերատեսչության՝ կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացը 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզի համաձայն և ստորագրել Տավուշի հատվածի առանձին բնակավայրերի սահմանազատման արդյունքում ընդունված արձանագրություն-նկարագրությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։