ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է հարցում անցկացնել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի հեռանկարների վերաբերյալ, գրում է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Բայդենն ընկալունակ է դարձել ընտրապայքարից դուրս գալու կոչերի նկատմամբ, հայտնել է աղբյուրը։
«Նա հանձնարարել է հասարակական կարծիքի հարցում անցկացնել Հարիսի՝ որպես թեկնածուի շանսերի վերաբերյալ»,- ասված է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ՝ ABC-ի աղբյուրը նշել է, որ դեռևս Բայդենը մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից։
Axios-ը, հղում անելով բարձրաստիճան դեմոկրատներին, հուլիսի 18-ին գրել էր, որ դեմոկրատների առաջնորդների և մտերիմ ընկերների ճնշման աճը կհամոզի Բայդենին դուրս գալ նախագահական մրցապայքարից։
Հուլիսի 17-ին Բայդենը չէր բացառել առողջական խնդիրների դեպքում նախագահական ընտրապայքարից դուրս գալու հնարավորությունը։ «Եթե ինձ մոտ ինչ-որ հիվանդություն դրսևորվի, եթե բժիշկները գան ու ասեն, որ դուք այսինչ խնդիրն ունեք, դուրս կգամ ընտրապայքարից»,- ասել էր Բայդենը։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։