Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի՝ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման համար նախատեսված զգեստը ստեղծելու վրա մասնագետներն ավելի քան 1000 ժամ են ծախսել, գրել է The People-ը։
Պարբերականը գրել է, որ զգեստը նախագծել է Dior նորաձևության տունը։ Այն ամբողջությամբ ասեղնագործել են ձեռքով։
Երգչուհու ելույթը դարձել էր Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության գլխավոր անակնկալը։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երգչուհին երկար ժամանակ անց առաջին անգամ ելույթ էր ունեցել մեծ բեմում։
Դիոնը կատարել էր Էդիթ Պիաֆի «Սիրո հիմնը» հենց Էյֆելյան աշտարակի վրա։ Սելինը խոստովանել էր, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ելույթ ունենալն իր վաղեմի երազանքն էր: Երգչուհին շնորհակալություն էր հայտնել երկրպագուներին աջակցության համար և խոստացել, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի շուտով կրկին բեմ դուրս գա:
2022-ի դեկտեմբերին հայտնել էինք, որ աշխարհահռչակ երգչուհու մոտ անբուժելի նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել՝ մկանային կաշկանդվածության համախտանիշ (SPS), ինչը մարմնի տարբեր հատվածներում մկանային ջղակծկումներ է առաջացնում: