Ֆրանսիայում իրարանցում են առաջացրել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերայի՝ նախագահ Էմանուել Մակրոնի պարանոցը համբուրելու լուսանկարները, հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականը նշում է, որ խաղերի բացման արարողությունից տպավորված նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի Ուդեա-Կաստերան գրկախառնվել է Մակրոնի հետ, ինչը ֆրանսիական մամուլում հակասական արձագանքների տեղիք է տվել։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն այդ ընթացքում այլ կողմ է նայել: «Ատալը չգիտի, թե ուր նայել»,- նշել է մեկնաբաններից մեկը:
Ֆրանսիական Madame Figaro ամսագիրը, որն առաջինն է ուշադրություն հրավիրել լուսանկարի վրա, այն անվանել է «հետաքրքիր համբույր» և նշել, որ նախարարը «անշուշտ գիտի, թե ինչպես ստիպել մարդկանց խոսել իր մասին»:
Midi Libre-ն գրել է. «Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո ճնշումը թուլացավ՝ տեղի տալով էյֆորիայի։ Ուրախության վիճակում գտնվող սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան և նախագահ Էմանուել Մակրոնը համբուրվեցին: Համբույրը մեծ աղմուկ բարձրացրեց»։
Մյուսները մատնացույց են արել նախարարի մյուս լուսանկարները, որտեղ նա համբուրվում էր մարզիկների հետ նման ձևով՝ պնդելով, որ նա պարզապես կրքոտ է խաղերի նկատմամբ:
Օդեա-Կաստերան վերջին ամիսներին վեճերի առիթ է տվել: Մակրոնը նրան էր հանձնել սպորտի և կրթության նախարարի կրկնակի պատասխանատվությունը, սակայն նա ստիպված եղավ հրաժարվել վերջին պաշտոնից այն բանից հետո, երբ հայտարարեց, որ իր դստերը դուրս է բերել պետական տարրական դպրոցից և տարել մասնավոր դպրոց՝ ուսուցիչների պարբերաբար բացակայության պատճառով։
Խաղերից առաջ Ուդեա-Կաստերան սուզվել է Սեն գետում՝ ցույց տալու համար, որ այն անվտանգ է լողալու համար:
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի էր ունեցել հուլիսի 26-ին։ Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։