Ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որ Օլիմպիական խաղերի եզրափակչում առաջ էր անցել հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանից, Փարիզում երկու ոսկե մեդալ է նվաճել և դարձել իր երկրի պատմության մեջ առաջին տղամարդ օլիմպիական չեմպիոնը և նույն խաղերում երկու մեդալով առաջին ֆիլիպինցի մարզիկը, հայտնում է The Guardian-ը։ Նրա գրանցած բարձր արդյունքների համար իշխանություններն ու մասնավոր ընկերությունները մարզիկին նվերներ են խոստացել հանձնել։
Յուլոն երկրորդ ֆիլիպինցի մարզիկն է, որ նվաճել է օլիմպիական ոսկին: Ծանրորդուհի Հիդիլին Դիասը առաջին անգամ այս մրցանակը ստացել էր 2020-ին։
Հենացատկ վարժությունում իր հաղթանակի հաջորդ օրը Յուլոն կրկին հայտնվել էր ամբիոնի ամենավերին աստիճանի վրա և նվաճել երկրորդ ոսկին։
Յուլոն պետությունից կստանա 3 միլիոն ֆիլիպինյան պեսո (մոտ 52 հազար դոլար) և Կոնգրեսի մեդալ։ Մարզիկների պարգևատրման մասին օրենքի համաձայն՝ նա իրավունք ունի ստանալ 10 միլիոն ֆիլիպինյան պեսո:
Մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները ևս նվերներ են մատուցել մարզիկին՝ ամբողջությամբ երկու սենյականոց կահավորված բնակարան, ռեստորաններից սնունդ ամբողջ կյանքի ընթացքում, հեռախոսի պատյաններ, մեքենայի լուսարձակների հավաքածու, լուսանկարչի ծառայություններ և անվճար էնդոսկոպիկ պրոցեդուրաներ՝ ինչպես մարզիկի համար, երբ նա կդառնա 45 տարեկան, և այն հիվանդների համար, որոնց Յուլոն կցանկանա աջակցել:
Հաղորդվում է նաև, որ նրան առաջարկվել է արտոնություն սուրճի և կիտրոնի ըմպելիքների բիզնեսի համար և 10 միլիոն ֆունտ ստեռլինգ գովազդային պայմանագիր գեղեցկության կլինիկայի հետ:
Ֆիլիպինցիները տոնել են իրենց հայրենակցի երկու հաղթանակները։ Սրճարաններն ու ռեստորանները ուտելիք կամ կաթնային կոկտեյլ էին առաջարկել Կառլոս, Կալոի (նրա մականունը) կամ Ադրիել (նրա երկրորդ անունը) անուններով, երաժշտական միջոցառման ժամանակ մուտքի անվճար տոմսեր են առաջարկվել բոլոր նրանց, ում անունը սկսվել է C-ով: