Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին։
Սինվարը փոխարինել է Թեհրանում սպանված Իսմայիլ Հանիային:
Վերջին ամիսներին իսրայելական զինվորականները փորձում են գտնել և սպանել Սինվարին, քանի որ նրան համարում են 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման կազմակերպիչներից մեկը:
Սինվարը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 29-ին այն ժամանակ Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում: Ավարտել է Գազայի Իսլամական համալսարանը, սովորել արաբագիտություն։
1989 թվականին նա ծրագրել է երկու իսրայելցի զինվորների և չորս պաղեստինցիների առևանգումն ու սպանությունը, ինչի համար Իսրայելում դատապարտվել է չորս ցմահ ազատազրկման։ Սինվարը բանտում անցկացրել է 22 տարի, սակայն 2011 թվականին մոտ 1000 այլ պաղեստինցի բանտարկյալների հետ ազատ է արձակվել իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի դիմաց։
2017 թվականին Սինվարը դարձել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդը՝ փոխարինելով Հանիային։
Հուլիսի 31-ին Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում իրենց նստավայրի գնդակոծության հետևանքով: Հանիան Թեհրան էր ժամանել Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: ՀԱՄԱՍ-ում հաստատել են, որ Հանիան սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։ Հանիայի մահից հետո Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի գմբեթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ էին բարձրացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հանիայի մահից հետո հայտարարել էր, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և ահաբեկիչներին կստիպի զղջալ արարքի համար։
Հուլիսի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր բնակավայրի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով: