Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Կատարում, հաջողությամբ չեն պսակվել, Sky News-ին հայտարարել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին։
Նրա խոսքով՝ Կատարում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լավատեսական տրամադրվածությունը չի համապատասխանում իրական վիճակին:
«Բայդենի վարչակազմը փորձում է ցույց տալ, որ իրավիճակը բարենպաստ է։ Բայց առաջին փուլը ցույց տվեց, որ բարելավում չկա»,- ասել է նա:
Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել էր խորհրդակցությունների նոր փուլ, որն ուղղված է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի ձեռքբերմանը և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատմանը: Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները կոչ էին արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հանդիպել՝ զինադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար:
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել է իսրայելական գործողության հետևանքով: