Գերմանիայում Հիտլերի ժամանակներից ի վեր առաջին անգամ աջ ազգայնականները հաղթել են ընտրություններում, գրում է Meduza-ն։
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի դաշնային միավոր Թյուրինգիայի Լանդթագի (տարածաշրջանային խորհրդարան) ընտրությունների արդյունքում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն առաջատար է ձայների 33,5%-ով, պահպանողական «Քրիստոնեա-դեմոկրատական միությունն» ունի 24,5%, իսկ ձախ պոպուլիստական «Սառա Վագենկնեխտ» դաշինքը՝ 14,5%։
Սաքսոնիայում, որտեղ նույնպես անցկացվել են Լանդթագի ընտրություններ, նախնական տվյալներով «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը» հավաքել է 32%, «Այլընտրանք Գերմանիայի համար»՝ 31,5%, «Սառա Վագենկնեխտ» դաշինքը՝ 11,5%:
Քվեների ուղղակի հաշվարկի առաջին արդյունքների համաձայն՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» Թյուրինգիայում ստացել է ձայների 33,2%-ը, իսկ 31,4%-ը՝ Սաքսոնիայում։
Նշվում է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաղթանակը պատմության մեջ առաջինն է։ Նախորդ մի քանի շրջանային ընտրություններում կուսակցությունն զբաղեցրել էր երկրորդ տեղը։ Սա ծայրահեղ աջերի առաջին հաղթանակն է նման բարձր մակարդակի ընտրություններում՝ Նացիստական Գերմանիայից հետո: