Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շահագրգռվածություն են հայտնել շարունակելու երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հասնելու ուղիների շուրջ։
«Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու հարցում, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 30-ին՝ երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։
Ռուբինյանն ու Քըլըչը մինչ այդ չորս հանդիպում էին ունեցել. մեկը՝ Մոսկվայում, երեքը՝ Վիեննայում: 4-րդ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին, նրանք պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քըլըչը, սակայն, 2023-ի մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ նշված պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։