Իրանցի հաքերները տեղեկություններ են գողացել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբից և ուղարկել գործող նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբին, գրում է BBC-ն՝ հղում անելով երկրի Հետաքննությունների դաշնային բյուրոյին և ԱՄՆ հետախուզական ծառայություններին։
Հետախուզական գործակալություններին հասանելի տեղեկատվության համաձայն՝ Բայդենի շտաբից ոչ ոք չի պատասխանել այդ նամակներին։ Այս ամենը տեղի է ունեցել այս տարվա հունիս և հուլիս ամիսներին։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ պաշտոնյաները դեռ օգոստոսին հայտարարել էին, որ Իրանը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ փորձում է մեծացնել տարաձայնություններն ԱՄՆ-ում և խաթարել քաղաքացիների հավատը պետության ինստիտուտների նկատմամբ: Ամերիկյան իշխանությունների այդ հայտարարությունների համաձայն՝ իրանցիները փորձել են ուղղակի մուտք ունենալ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների շտաբներ՝ օգտագործելով, մասնավորապես, «սոցիալական ինժեներիայի» մեթոդները։ Թեհրանը հերքում է այս տեղեկությունները։
Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լևիթը BBC-ին ասել է, որ Դաշնային բյուրոյի և հետախուզության հայտարարությունն ապացուցում են, որ Իրանը ցանկանում է «օգնել Քամալա Հարիսին և Ջո Բայդենին»:
«Որովհետև նրանք գիտեն, որ Թրամփը կվերադարձնի կոշտ պատժամիջոցները և կկանգնեցնի նրանց ահաբեկչությունը»,- ասել է Լևիթը:
Հուլիսի 21-ին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։