Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը՝ Իբրահիմ Աքիլը, ով պատասխանատու էր հատուկ գործողությունների համար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությանը։
Ենթադրվում է, որ հարվածի ժամանակ Աքիլի հետ զոհվել են շարժման «Ռադվանի» ջոկատի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչները։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութում իսրայելական օդուժի գրոհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 66 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ զոհված հրամանատարներն Իսրայելի հյուսիսային շրջանի՝ «Գալիլեայի օկուպացիայի ծրագիր» են մշակում: Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի ղեկավար Հերզի Հալևին հայտարարել է, որ «Հեզբոլլահի» սպանված հրամանատարները ծրագրում էին հարձակում իրականացնել Իսրայելի հյուսիսի վրա, ինչպես ՀԱՄԱՍ-ը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Իսրայելն անցել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման նոր մակարդակի։ Նրա խոսքով՝ «այլևս չկան անցյալի կարմիր գծեր, և «Հեզբոլլահի» կամ սահմաններից հյուսիս գտնվող ցանկացած այլ թշնամական ուժի յուրաքանչյուր ահաբեկիչ այժմ օրինական թիրախ է»:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։
Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերի մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ, այդ թվում՝ երկու երեխա, և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: