Իսրայելն ու լիբանանյան «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ են հասցրել միմյանց, հայտնում է Reuters գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին իսրայելական ուժերը 290 թիրախ են խոցել, ներառյալ՝ խմբավորման հազարավոր հրթիռային համակարգեր։
Իսրայելական բանակի տվյալներով՝ նախորդ գիշերվա և սեպտեմբերի 22-ի ընթացքում Լիբանանի կողմից դեպի Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և անօդաչու սարք։
Ինչպես հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը, սեպտեմբերի 20-ին Իսրայելի կողմից Բեյրութին հասցված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի։
Անցյալ շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածների և էլեկտրոնային սարքերի պայթյունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը կազմում է առնվազն 84 մարդ։ 2023թ․ հոկտեմբերից Լիբանանում զոհերի թիվն անցել է 750-ից։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։
Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերի մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ, այդ թվում՝ երկու երեխա, և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: