Լիբանանի հարավային մասում գտնվող բնակավայրերին իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 182-ի, վիրավորվել է 727 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ տուժածներից շատերը հիվանդանոցներ են տեղափոխվել ծանր վիճակում, զոհերի և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ: Լիբանանի իշխանությունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել։
Իսրայելն ու լիբանանյան «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերի մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ, այդ թվում՝ երկու երեխա, և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: