Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 274 մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Ըստ գերատեսչության՝ մահացածների թվում կա 21 երեխա և 39 կին, վիրավորվել է 1024 մարդ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածել է Լիբանանի հարավում և Բեքաա հովտում «Հեզբոլլահ»-ի հետ կապված շուրջ 800 թիրախի: Նշվում է, որ խոցված թիրախների թվում են «շինություններ, որտեղ «Հեզբոլլահ»-ը թաքցրել է հրթիռներ, արկեր, արձակման կայաններ, անօդաչու թռչող սարքեր և ահաբեկչական լրացուցիչ ենթակառուցվածքներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը «դժվար օրեր է ապրում» և խոստացել է փոխել «անվտանգության և ուժերի հավասարակշռությունը հյուսիսում»:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Al Manar-ին, «Հեզբոլլահի» զինված ուժերը մի քանի հրթիռային համակարգերից հարվածել են երկրի հյուսիսում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտների և բնակավայրերի վրա՝ 35 հրթիռ արձակելով Վերին և Ստորին Գալիլեայի ուղղությամբ։
Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լիբանանից արձակվել է մոտ 55 հրթիռ, որոնցից մի քանիսը չեզոքացվել են ՀՕՊ համակարգի կողմից։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Յոքնեմ Իլիտում, Նամերայում և Էլիակիմում գտնվող դաշտային ճամբարների և զենքի պահեստների վրա հարձակումների մասին: Նշվում է, որ հարվածների մասին հաղորդումներ են ստացվել Տիբերիա և Սաֆեդ քաղաքների շրջակայքից, ինչպես նաև այն տարածքից, որտեղ գտնվում է Մերոն ռազմաօդային ուժերի բազան։ Նաև, խմբավորման տվյալներով, խոշոր տրամաչափի հրթիռները վնասել են Հայֆա քաղաքի հյուսիսային ծայրամասերը։
Իսրայելն ու լիբանանյան «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել են խմբավորման 16 անդամներ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: Իսրայելցի զինվորականները հաղորդել էին Լիբանանի հարավում գտնվող շուրջ 290 թիրախների ուղղությամբ հարվածների մասին։ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, երբ «Հեզբոլլահ»-ի հարձակումների պատճառով տարհանված հյուսիսային Իսրայելի բնակիչները կարողանան ապահով վերադառնալ։
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերի մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ, այդ թվում՝ երկու երեխա, և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: