Միացյալ Նահանգները դեմ է Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությանը Լիբանանում և ծրագրում է «կոնկրետ քայլեր» ձեռնարկել հետագա էսկալացիայից խուսափելու համար, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP-ին։
«Ունենք որոշ կոնկրետ գաղափարներ, որոնք այս շաբաթ պատրաստվում ենք քննարկել դաշնակիցների և գործընկերների հետ։ Չենք հավատում, որ ցամաքային ներխուժումը Լիբանան կօգնի նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, կանխել բռնության աճը։ Մասամբ դա է պատճառը, որ այդքան կենտրոնացած ենք շաբաթն օգտագործել այս գաղափարներն ուսումնասիրելու և տեսնելու, թե արդյոք կարո՞ղ ենք խուսափել էսկալացիայից»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերել է գործակալությունը:
Ինչպես նշել է պաշտոնյան, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այդ գաղափարները կքննարկեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումների ժամանակ։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի առաջարկները թույլ կտան սկսել հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական գործընթաց, որի արդյունքում Հարավային Լիբանանի և Հյուսիսային Իսրայելի բնակչությունը, ենթադրաբար, կկարողանա վերադառնալ իրենց տներ։
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: