Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռ է արձակել Թել Ավիվի մոտ գտնվող իսրայելական հետախուզության Մոսադ հրամանատարական կետի վրա, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Լիբանանյան դիմադրությունը սեպտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 06։30-ին, «Կադեր-1» հրթիռ է արձակել Թել Ավիվի մոտ գտնվող «Մոսադի» հրամանատարական կետում, որը պատասխանատու է «Հեզբոլլահի» ղեկավարության անդամների լիկվիդացման, փեյջերների և վոկի-թոքիների պայթյունների համար»,- ասված է սոցցանցերում տարածված հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, «Հեզբոլլահն» առաջին անգամ կիրառել է իրանական արտադրության «Կադեր-1» հեռահար բալիստիկ հրթիռը:
Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 560-ի:
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: