Ֆրանսիան և ԱՄՆ-ն կոչ են անում 21-օրյա հրադադшր հաստատել Լիբանան-Իսրայել սահմանին, տեղեկացնում է The Guardian-ը։
«Կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական կարգավորման հասնել: Պատրաստ ենք լիովին աջակցել այս ժամանակահատվածում Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիր կնքելու բոլոր դիվանագիտական ջանքերին»,- ասված է հայտարարությունում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ իրենք աշխատում են ժամանակավոր հրադադարի ուղղությամբ՝ «դիվանագիտությամբ հաջողության հասնելու և սահմանից դուրս հետագա սրացումից խուսափելու համար»:
Մակրոնն ու Բայդենը կոչ են արել Իսրայելին և Լիբանանին աջակցել այդ քայլին, որը հավանության է արժանացել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիություն, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի կողմից:
Հայտարարության մեջ ասվում է, որ իրավիճակն անհանդուրժելի է և ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի վտանգ է ներկայացնում։ Դա ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին։
Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է մոտ 560-ի:
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: