Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հատել է 700-ը, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Կայքը գրում է, որ Իսրայելը մերժում է «Հեզբոլլահի» հետ հրադադարի մասին համաշխարհային կոչերը և շարունակում է ռմբակոծությունները, որոնք ավելի քան 700 մարդու կյանք են խլել Լիբանանում:
Ըստ աղբյուրի՝ Լիբանանում հրադադարի մասին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոչը «համակարգված» էր Իսրայելի հետ, սակայն Իսրայելը շարունակում է հակամարտությունը։
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին: