Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով առաջնորդ Հասան Նասրալլայի մահը, հայտնում է Al Jazeera-ն։
Շարժման ղեկավարությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ «կշարունակի ջիհադը հակառակորդի դեմ՝ ի աջակցություն Գազայի ու Պաղեստինի, ինչպես նաև ի պաշտպանություն Լիբանանի և նրա տոկուն ու արժանի ժողովրդի»։
Ավելի վաղ Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել էր Նասրալլայի սպանության մասին։
Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
Սեպտեմբերի 27-ին Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Բեյրութի ուղղությամբ Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, 91-ը՝ վիրավորվել։ Իսրայելցի զինվորականները որպես հարձակման թիրախ նշել էին Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահ» շարժման կենտրոնական շտաբը:
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ են սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերի մասնակցությամբ մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։