Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական ռմբակոծությունների հետևանքով 1640 զոհի և 6300 վիրավորի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«2023 թվականի հոկտեմբերի 8-ի իրադարձություններից մինչ օրս զոհերի ընդհանուր թիվը 1640 է, այդ թվում՝ 104 երեխա և 194 կին։ Վիրավորների ընդհանուր թիվը 8408 է։ Ավելին, 2024 թվականի սեպտեմբերի 16-ից 2024 թվականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում մահացել է 1030 մարդ, այդ թվում՝ 56 կին և 87 երեխա։ Այս ընթացքում վիրավորների ընդհանուր թիվը 6352 է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը։
Նա նշել է, որ մահացածներից 41-ը առողջապահության կամ շտապօգնության աշխատակիցներ են: Նա հավելել է, որ 11 մարդ զոհվել է, 108-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որի հետևանքով սպանվել էր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ են սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերի մասնակցությամբ մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։