Լիբանանում սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Նրանց հաղորդմամբ՝ հարավային Սիդոն քաղաքի մոտ երկու հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Իսրայելի հյուսիսային Բաալբեկ-Հերմել նահանգում 21 մարդ է զոհվել, առնվազն 47-ը՝ վիրավորվել:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1030 մարդ, այդ թվում՝ 156 կին և 87 երեխա: Հարյուր հազարավոր լիբանանցիներ ստիպված լքել են իրենց տները։
Այսօր «Հեզբոլլահը» հաստատել է սեպտեմբերի 27-ին և 28-ին իսրայելական հարվածների հետևանքով իր ևս երկու առաջնորդների մահը։ Ուրբաթ օրը տեղի ունեցած հարվածի հետևանքով զոհվել է խմբավորման առնվազն 20 անդամ։
Իսրայելը հայտարարել էր Եմենում շիա հութիների խմբավորման թիրախների վրա հարձակումների մասին։ Հութիների տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 29-ը՝ վիրավորվել։
Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ են սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: