«Հեզբոլլահ» շիական խմբավորման բարձրագույն ղեկավար մարմինը՝ Շուրայի խորհուրդը, կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։
Խմբավորման նոր գլխավոր քարտուղարի ընտրության մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել։
Սաֆիեդդինը խմբավորման նախկին առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է, որն սպանվել էր սեպտեմբերի 28-ին՝ Լիբանանի Բեյրութ քաղաքում խմբավորման կենտրոնակայանի վրա իսրայելական հարվածից: Զբաղեցնելով կուսակցության գործկոմի ղեկավարի պաշտոնը՝ նա վերահսկում էր քաղաքական հարցերն ու ներքին գործերը։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ են սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: