Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին, հայտնել է BBC-ն։
Հակամարտության սրումից ի վեր սա առաջին հարվածն է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին։ BBC-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է Լիբանանում իր առաջնորդը։
«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը (NFOP) տեղեկացրել է, որ իր երեք առաջնորդները զոհվել են Բեյրութին հասցված հարվածի հետևանքով»,- հավելել է կայքը։
Լիբանանում սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 53 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: