Իսրայելի օդային հարվածները Լիբանանին «բարոյական սահմաններից դուրս են», հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Հռոմի պապը դեմ է արտահայտվել Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածներին։ Պոնտիֆիկոսն ասել է, որ երկրները իրենց ռազմական ուժերն օգտագործելու հարցում չեն կարող «շատ հեռուն գնալ»։
«Նույնիսկ պատերազմում կան բարքեր, որոնք պետք է պահել։ Պատերազմն անբարոյականություն է, բայց պատերազմի կանոնները դրան որոշակի բարոյականություն են տալիս»,- ասել է նա։
Հռոմի պապը հավելել է, որ պաշտպանությունը պետք է համաչափ լինի հարձակմանը, և երբ այդ սահմանաչափը խախտվում է, նկատվում է գերիշխանության միտում, որը գերազանցում է բարոյականությանը, ասել է նա։
Լիբանանում սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 53 մարդ։ Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: