Իսրայելը պատրաստվում է հարավային Լիբանան ցամաքային ներխուժման, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իսրայելական երկու աղբյուրների։ Նրանց խոսքով՝ գործողությունը մոտ է, և այն կկենտրոնանա այն գյուղերի վրա, որոնք գտնվում են Իսրայելի հետ Լիբանանի սահմանին:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ «Հեզբոլլահի դեմ պատերազմի հաջորդ փուլը կսկսվի շուտով, և դա կարևոր գործոն կլինի անվտանգության իրավիճակը փոխելու համար»։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Իսրայելի պաշտոնյաները վերջին օրերին իրենց ամերիկացի գործընկերներին ասել են, որ ծրագրում են «սահմանափակ գործողություններ», որոնք կկենտրոնացվեն սահմանային գոտում։
«Հեզբոլլահի» փոխնախագահ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ խմբավորման ուժերը «պատրաստ են ցամաքային գործողությունների», փոխանցում է Reuters-ը: Քասեմը նաև հայտնել է, որ շարժումն «առաջին իսկ հնարավորության դեպքում» կընտրի նոր գլխավոր քարտուղարի, որը կփոխարինի Իսրայելի օդային ռմբակոծության ժամանակ սպանված Հասան Նասրալլային։
Իսրայելի բանակը նաև փակ ռազմական գոտի է հայտարարել Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող երեք բնակավայրերի տարածքը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական գործողությունների մեկնարկից հետո «Հեզբոլլահ»-ը սկսել էր հրթիռակոծել հյուսիսային Իսրայելը։ Շուրջ մեկ տարի կողմերը փոխանակվել էին սահմանամերձ հարձակումներով։ Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Լիբանանում սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 53 մարդ։ Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: