Իսրայելական հրետանին և զրահատեխնիկան ընդլայնում են հարձակումների աշխարհագրությունը Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող տարածքների ուղղությամբ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ynet պորտալին։
Ըստ աղբյուրի՝ «Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացվող հրետակոծությունները տարածվում են Լիբանանի հետ սահմանին գտնվող նոր տարածքների վրա»։
«Տանկերը կրակում են նաև սահմանի լիբանանյան կողմում գտնվող թիրախների ուղղությամբ»,- գրում է կայքը։
Times of Israel-ը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողությունից առաջ հրթիռակոծել է Լիբանանի հարավը, լիբանանյան բանակը հետ է քաշվել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը ցամաքային գործողություն է նախապատրաստում Լիբանանում։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ «Հեզբոլլահի դեմ պատերազմի հաջորդ փուլը կսկսվի շուտով, և դա կարևոր գործոն կլինի անվտանգության իրավիճակը փոխելու համար»։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Իսրայելի պաշտոնյաները վերջին օրերին իրենց ամերիկացի գործընկերներին ասել են, որ ծրագրում են «սահմանափակ գործողություններ», որոնք կկենտրոնացվեն սահմանային գոտում։
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական գործողությունների մեկնարկից հետո «Հեզբոլլահ»-ը սկսել էր հրթիռակոծել հյուսիսային Իսրայելը։ Շուրջ մեկ տարի կողմերը փոխանակվել էին սահմանամերձ հարձակումներով։ Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Լիբանանում սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 53 մարդ։ Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: