Լիբանանի հարավում գտնվող Այն ալ Հիլվե պաղեստինյան փախստականների ճամբարին իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, կան վիրավորներ, հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Օդային հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ՝ պաղեստինյան աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ ճամբարում Քաթայիբ Շուհադա ալ-Աքսայի (Պաղեստինյան «Ֆաթհ» կուսակցության զինյալ թևը) ավագ հրամանատար Մունիր Մակդահի վրա հարձակվելու փորձը ձախողվել է։
Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային հարձակումներ է իրականացրել հարավային Լիբանանի սահմանային շրջանի վրա: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իսրայելի պաշտպանության բանակը սահմանի երկայնքով մոտ հինգ բրիգադ է տեղակայել, սակայն նրանցից ոչ բոլորի մուտքն է լիբանանյան տարածք սպասվում։ Լիբանանյան բանակը հետ էր քաշվել հարավային սահմանի որոշ դիրքերից։
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական գործողությունների մեկնարկից հետո «Հեզբոլլահ»-ը սկսել էր հրթիռակոծել հյուսիսային Իսրայելը։ Շուրջ մեկ տարի կողմերը փոխանակվել էին սահմանամերձ հարձակումներով։ Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Լիբանանում սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 53 մարդ։ Սեպտեմբերի 28-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելի կողմից վերջին 12 օրվա հարվածների հետևանքով կա ավելի քան 1000 զոհ և 6300 վիրավոր։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: