Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է գիշերը «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին, հայտնում է Times of Israel-ը։
Նրա խոսքով՝ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռները։ Reuters-ը, վկայակոչելով իսրայելական բանակին, հայտնում է, որ Իրանից մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են գործել ամբողջ հզորությամբ և այս գիշեր նույնպես կշարունակեն հզոր հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքին, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարվա ընթացքում»,- նշել է Հագարին:
Իսրայելի վրա իրանական հրթիռակոծության արդյունքում, նախնական տվյալներով, Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք է ստացել, հայտնում է News.ru-ն՝ հղում անելով շտապօգնության ծառայությանը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է Իրանի կողմից զանգվածային հրթիռային հարձակման ավարտի մասին։ Ինչպես հաղորդել Է «ՏԱՍՍ»-ը, իսրայելցի զինվորականները երկրի բնակչությանը թույլ են տվել դուրս գալ ապաստարաններից: Իսրայելը նաև վերաբացել է իր օդային տարածքը, որը նախկինում փակվել էր հարձակման պատճառով։ Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարձակման ժամանակ «բազմաթիվ գաղտնալսումներ են իրականացրել»:
«ՏԱՍՍ»-ը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել է, որ հարձակման ժամանակ իրանական հրթիռների առնվազն 80%-ը կարողացել է հաղթահարել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը։ Ենթադրվում է նաև, որ Իրանը խոցել է ավելի քան 20 իսրայելական F-35 ինքնաթիռ, ինչպես նաև հարվածել է գազատար խողովակներին՝ Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկելոն քաղաքի մոտ:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։