«Հեզբոլլահ»-ը հոկտեմբերի 4-ից կորցրել է կապն իր գործադիր խորհրդի նախագահ Հաշեմ Սաֆիեդդինի հետ, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի անվտանգության աղբյուրին։
Նշվում է, որ «Հեզբոլլահ»-ի բարձրագույն հրամանատարների մեծ մասը գաղտնի դեմքեր են: Սաֆիեդդինիի անունը հայտնի էր դարձել Հասան Նասրալլայի սպանությունից հետո։ Կայքը նշում է, որ նրան վերջին մի քանի տասնամյակների ընթացքում պատրաստում էին որպես Նասրալլայի հնարավոր իրավահաջորդ և այժմ, երբ նրա սպանությունը հավանական է, կասկածի տակ է կազմակերպության ներսում իրավահաջորդության հարցը:
Al Jazeera-ի քաղաքական վերլուծաբան Մարվան Բիշարան նշել է, որ «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հետ կապը կորցնելը ցույց է տալիս, որ Իսրայելն ի վիճակի է «մեկը մյուսի հետևից հարվածներ հասցնել» խմբավորմանը:
«Հաղորդակցման սարքերի պայթեցումից և «Հեզբոլլահի» առաջնորդի սպանությունից հետո մյուս առաջնորդի հավանական սպանությունն ընդգծում է, որ կա՛մ Իսրայելն օգնություն է ստանում, կա՛մ նա տարբեր ձևերով ներթափանցել է «Հեզբոլլահ»-ի ներսը՝ էլեկտրոնային կամ այլ եղանակով՝ գուցե մարդկային ռեսուրսներով»,- հավելել է նա:
Նշվում է, որ խմբավորման առաջնորդի հավանական մահվան վայր հասնելուն խանգարում են Իսրայելի մշտական օդային հարվածները: Ուստի, նրանք խնդրում են միջազգային հանրությանը կոչ անել Իսրայելին դադարեցնել ավիահարվածներն այդ շրջակայքում, որպեսզի փրկարարները կարողանան դիակները դուրս բերել:
«Հեզբոլլահ» շիական խմբավորման բարձրագույն ղեկավար մարմինը՝ Շուրայի խորհուրդը, սեպտեմբերի 30-ին կազմակերպության նոր գլխավոր քարտուղար էր ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ Սաֆիեդդինը խմբավորման նախկին առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկն է, որն սպանվել էր սեպտեմբերի 28-ին՝ Լիբանանի Բեյրութ քաղաքում խմբավորման կենտրոնակայանի վրա իսրայելական հարվածից: Զբաղեցնելով կուսակցության գործկոմի ղեկավարի պաշտոնը՝ նա վերահսկում էր քաղաքական հարցերն ու ներքին գործերը։
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: