ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կարող է հեռախոսով քննարկել Իրանին հարվածելու հրեական պետության ծրագրերը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների աղբյուրներին։
Լրատվականը նշել է, որ «Բայդենի և Նեթանյահուի այս խոսակցությունը կարող է լինել առաջինը երկու լարված ամսվա ընթացքում և տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իսրայելը դիտարկում է լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, որը կարող է հանգեցնել լուրջ էսկալացիայի»։
Աղբյուրների համաձայն՝ «Իսրայելի պատասխանն ակնկալվում է նշանակալից՝ ներառյալ ավիահարվածներն Իրանի ռազմական օբյեկտներին և գաղտնի հարձակումները․ այնպես, ինչպես Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության ժամանակ էր»։ Հրապարակման մեջ ասվում է, որ Իսրայելը դիտարկում է նաև Իրանի նավթային օբյեկտների վրա հարձակումների հնարավորությունը։
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։