Իսրայելի ընդլայնվող ռազմական գործողությունը Լիբանանում դժվար թե ավարտվի նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, հայտնել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։
«Երկու շաբաթ առաջ իսրայելցիները խոսում էին մի քանի շաբաթ սահմանափակ ցամաքային ներխուժման մասին, բայց այդ երկու շաբաթը կարծես թե ձգվում է»,- ասել է նրանցից մեկը և հավելել, որ ստեղծված իրավիճակը «լավատեսություն չի ներշնչում։
Լրատվականը նշել է, որ Իսրայելի քաղաքական ղեկավարության հռետորաբանության փոփոխությունը և սահմանամերձ շրջաններից բնակչության տարհանման մասշտաբները մեծացնում են Արևմուտքում իսրայելական գործողության մոտալուտ ավարտի կասկածները։
«Մենք ցանկանում ենք, որ նրանք (իսրայելցիները- խմբ․) դադարեցնեն և համաձայնեն քաղաքական ծրագրին, որն, ընդհանուր առմամբ, համաձայնեցված է, բայց, թվում է, որ ռազմական ճանապարհով հաջողության հասնելով՝ նրանք կշարունակեն գործողությունները»,- հավելել է նա։
Հոկտեմբերի 8-ին Իսրայելը հարվածել էր Դամասկոսի Մազզե շրջանում գտնվող բնակելի շենքին։ Հարվածի հետևանքով զոհվել էր յոթ խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 11-ը:
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: