ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 30 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկել են Իսրայելի հնարավոր պատասխանն Իրանին, հայտնում է CNN-ը։
Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պիեռը հայտնել է, որ երկու առաջնորդների զրույցն արդյունավետ է անցել։
«Բայդենը նշել է, որ Իսրայելի պատասխանը պետք է համաչափ լինի։ Նա դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը և նշել դիվանագիտական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը»,- գրում է աղբյուրը։
Բացի այդ, կողմերը քննարկել են դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը։ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին և ուշադրություն հրավիրել էքսկլավի հյուսիսային հատված մուտքի վերականգնման անհրաժեշտությանը։
Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։
Հոկտեմբերի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել էր Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում ավելի կոշտ պատասխան տալ։ Հոկտեմբերի 5-ին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հարձակմանը։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտնել էր Իսրայելի հնարավոր գործողություններին պատասխանելու ծրագրերի մասին։