Իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբաա կենտրոնական շրջանին, որի հետևանքով 11 մարդ զոհվել է, 48-ը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Իր հերթին՝ իսրայելական բանակի Galei IDF ռադիոն հայտարարել է, որ հարվածի թիրախն էր «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան պաշտոնյա Վաֆիկ Սաֆան։
Հոկտեմբերի 8-ին Իսրայելը հարվածել էր Դամասկոսի Մազզե շրջանում գտնվող բնակելի շենքին։ Հարվածի հետևանքով զոհվել էր յոթ խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 11-ը:
«Հեզբոլլահ»-ը և Իսրայելը փոխադարձ սահմանային հարվածներ էին սկսել հասցնել մոտ մեկ տարի առաջ, երբ 2023 թվականի հոկտեմբերին սկսվել էր իսրայելական գործողությունը Պաղեստինի Գազայի հատվածում: Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: