Ըստ Sky News Arabia-ի՝ Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը, փոխանցել է «ՌԲԿ»-ն։
ՏԱՍՍ-ը, հղում անելով ՑԱԽԱԼ-ի հայտարարությանը, ավելի ուշ հայտնել է, որ Սինվարին ոչնչացրել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում:
Գործակալությունը, վկայակոչելով Al Hadath հեռուստաալիքին, հավելել է, որ Սինվարին սպանել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, երբ իսրայելական զինված ուժերը հարվածել են այն տանը, որտեղ նա թաքնվում էր: Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ Սինվարի հետ ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարության մի քանի ներկայացուցիչների:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ մահը հաստատել է նաև իսրայելական Kan հեռուստաալիքի աղբյուրը։ Նա ասել է, որ «համեմատաբար հեշտ է պարզել», թե արդյոք Սինվարը գտնվե՞լ է Գազայի գործողության ժամանակ սպանվածների թվում, քանի որ նա նախկինում իսրայելական բանտերում էր և Իսրայելն ուներ նրա ԴՆԹ-ն:
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։