Վրաստանի կառավարության գործողությունները սպառնալիքի տակ են դնում երկրի «եվրոպական ուղին» և դե ֆակտո կանգնեցնում Եվրամիությանը նրա անդամակցության գործընթացը, Բրյուսելում հոկտեմբերի 17-ին կայացած գագաթնաժողովից հետո հայտարարել են ԵՄ առաջնորդները:
Նրանք նշել են, որ վրացական կառավարության գործողություններն անհանգստություն են առաջացնում ԵՄ-ում։
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Վրաստանին «եվրոպական ուղու» հարցում, սակայն վրացական կառավարության գործողություններն անհանգստություն են առաջացնում ԵՄ-ում, քանի որ հակասում են միության արժեքներին և սկզբունքներին»,- ասված է հայտարարության մեջ։
ԵՄ առաջնորդերը Վրաստանին կոչ են արել եվրոպական ինտեգրման հիմնարար սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ իրականացնել, իսկ հոկտեմբերի 26-ին անցկացնել ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ։
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտնել էր, որ ԵՄ-ն որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ նրա ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն առաջին անգամ ընդունվել էր 2023 թվականի մարտին։ Նախագծի ընդունումից հետո Վրաստանում բողոքի ցույցեր էին սկսվել, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Մարտի 9-ին Վրաստանի իշխանությունները հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին։ Վրաստանի խորհրդարանն օրինագիծը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր մայիսի 14-ին։
Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել օրենքի վրա։
Կարդա նաև Armenia Todayi-ի՝ ««Վատագույն սցենարը կարող է լինել պետական հեղաշրջումը». փորձագետը մեկնաբանել է Վրաստանում բողոքի ցույցերը» հրապարակումը, որտեղ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձել էր օրինագծի նպատակներին։